երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-13-ը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ներկայացնում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով նորարարական տաղավարը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նախարարին ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը։

Համաշխարհային ցուցահանդեսը հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության և ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները։

Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր, և ակնկալվում է 28 մլն այցելու։

Նախարարը շրջել է Հայաստանի ազգային տաղավարով, որը ներկայացնում է ութ «սյուներ», որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է ՀՀ-ն ներկայացնող հիմնարար մի ուղղություն՝ հնագույն պատմությունից և ստեղծարար մտածողությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ և խաղաղությանն ուղղված հանձնառություն։

Տաղավարում ներկայացված են նաև Կառավարության մեգանախագծերը, ներառյալ՝ «Խաղաղության խաչմերուկը», Գյումրիի «Չոր նավահանգիստը», «Ակադեմիական քաղաքը», «Ինժեներական քաղաքը»:

Տաղավարում ներկայացված են Հայաստանի բարենպաստ ներդրումային միջավայրն ու զբոսաշրջային կարևոր և տեսարժան ուղղությունները։

Բացի այս՝ Հայաստանի ազգային տաղավարում ներկայացված են նաև կրթական նորարարական նախաձեռնությունները՝ ՔՈԱՖ, Արմաթ, ինչպես նաև Հայաստանի տեսլականը ուսուցման ապագայի վերաբերյալ:

Մանրամասն ցուցադրված է Թումոյի միջազգային ցանցը, հատկապես Թումո Գունմա կենտրոնը, որը կբացվի Ճապոնիայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին՝ որպես Հայաստանում ստեղծված կրթական ծրագրի արտահանման օրինակ։

Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման մասշտաբի ցուցահանդեսներում Հայաստանի մասնակցությունը՝ նշելով, որ դա լրացուցիչ հնարավորություն է երկրի ներուժն ու գրավչությունը միջազգային հարթակներում ներկայացնելու և համագործակցության նոր ուղիներ ստեղծելու համար։

  • Կիսվել: