հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գերագույն հոգևոր խորհրդի թե՛ հեղինակությունը, թե՛ վարկանիշը զգալիորեն բարձրացել են. Արշակ Սրբազան

Գերագույն հոգևոր խորհրդի թե՛ հեղինակությունը, թե՛ վարկանիշը զգալիորեն բարձրացել են. Արշակ Սրբազան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկին՝ ստեղծել սինոդական կառույց ստեղծել՝ «որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք»։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ասաց, որ եկեղեցականներից յուրաքանչյուրը իր կարծիքը և դիրքորոշումը կարող է արտահայտել։ 

«Յուրաքանչյուրն ազատ է արտահայտելու դիրքորոշումը, բայց հարցն այն է, թե որքանով է այն ընկալելի կամ ընդունելի։ Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ առաջարկը, որը հնչեց, ճիշտ չէր․ հիմա մենք հայտնվել ենք բոլորովին այլ կացության մեջ և պետք է դրան համարժեք արձագանքներ ներկայացնենք։ Օրինակ, դրանից որոշ ժամանակ առաջ Պոլսո պատրիարքը լրիվ այլ հայտարարություններ էր արել՝ նշելով, որ իշխանությունների այդ ճնշումները եկեղեցու ու հավատացյալների նկատմամբ ընդունելի չեն»,-նշեց նա:

Դիտարկմանը, որ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի խոսքով՝ Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է, Արշակ Սրբազանն արձագանքեց․ «Հոգեբանության մեջ կա «պրոյեկտում» եզրույթը, երբ յուրաքանչյուրը ենթադրում է, որ իր հոգեվիճակը համընդհանուր է։ Ես կարծում եմ՝ այստեղ հենց դա է տեղի ունեցել։ Եթե Սրբազանը զգացել է, որ հեղինակազրկվել է՝ որպես հոգևոր խորհրդի անդամ, դա իր անձնական զգացումն է։ Ես, օրինակ, այդպիսի զգացումներ չեմ ունեցել․ ընդհակառակը, այս ընթացքում Գերագույն հոգևոր խորհրդի թե՛ հեղինակությունը, թե՛ վարկանիշը զգալիորեն բարձրացել է»:

  • Կիսվել: