շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գարեգին Երկրորդը Պորտուգալիայի դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի պատճառով Արցախում ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ

Գարեգին Երկրորդը Պորտուգալիայի դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի պատճառով Արցախում ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ

 Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։

Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթել է արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն է հայտնել արցախահայության անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքի դեմ ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր է համարել միջազգային հանրության ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ Պորտուգալիայի իշխանությունները ևս ակտիվ ներգրավվածություն կունենան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստել է, որ Պորտուգալիայում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը կարևոր ավանդ է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որի աջակցությամբ 1954 թվականին նաև իրականացվել է Մայր Տաճարի հիմնանորոգումը։

Իր հերթին դեսպան Մադալենա Ֆիշերը ևս ընդգծել է Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը։ Դեսպանը նաև կարևորել է կրթության ոլորտում Հայաստանի և Պորտուգալիայի համագործակցության խորացումն ու ընդլայնումը։

  • Կիսվել: