շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Գանձախուզություն Ախթամիրի ամրոց հուշարձանի տարածքում

Գանձախուզություն Ախթամիրի ամրոց հուշարձանի տարածքում

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության աշխատիկցները հունվարի 18-ին «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում, դամբարանադաշտում արձանագրել են գանձախուզության նոր դեպք։

Տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները գանձախուզության դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստում՝ ոստիկանություն դիմելու նպատակով: Սա տարվա սկզբին հայտնաբերված առաջին գանձախուզության դեպքն է։

2022 թվականին ՀՀ պատմամշակութային հուշարձանների տարածքում արձանագրվել է իրավախախտման 79 դեպք, որից 4-ը գանձագողություն, 2021 թվականին արձանագրված 131 իրավախախտման դեպքից 12-ն է գանձագողություն, 2020 թվականին ևս արձանագրվել է 79 դեպք, որից 13-ը գանձախուզություն-գանձագողություն։

Պատմական ակնարկ

Ամրոցը բազմաշերտ հուշարձան է, /պետ. ցուցիչ` 2․87․1/ Թվագրվում է մ.թ.ա. III հազ․, գոյատևել է մինչև մ.թ. XIX դ։ Բազմիցս վերականգնվել է։

Հուշարձանն անկանոն քառակուսի է (մոտ 155 x 135 մ)։ Կիկլոպյան քարերով կառուցված նախաքրիստոնեական այս ամրոցը մի կողմից պաշտպանված է եղել ժայռերի բնական ամրությամբ, մյուս կողմերից անշաղախ որձաքարերի մեծ զանգվածներով շինված բրգաձև պարիսպներով։ Ամրոցի դռան երկու կողմում հսկայական քառակուսի բուրգեր են եղել, որոնց վերևի մասերը փլատակների է վերածվել, տեղ-տեղ պահպանվել են 4-5 մ բարձրության պատեր։

Եղել է վաղբրոնզեդարյան բնակավայր, որը երկաթե դարում դարձել է քաղաքատեղի, իսկ միջնադարում՝ գյուղատեղի։ Հայտնաբերվել են բրոնզի և վաղերկաթի շրջափուլերի դամբարանադաշտ և միջնադարյան գերեզմանոց, խեցեղենի բեկորներ, պաշտպանական պարսպի մնացորդներ։ Հուշարձանն ուսումնասիրել են Թ․ Թորամանյանը (1924), Ի․ Մեշչանինովը, հետագայում՝ Մ․ Հասրաթյանը (1950, 1951, 1952), Ս. Սարդարյանը (1956-57)։

  • Կիսվել: