շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն

Ապրիլի 19-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահի, բազմաթիվ քաղաքապետեր, նահանգային և տեղական իշխանությունների մասնակցությամբ, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Իր ելույթի ժամանակ դեսպան Տոլմաջյանը հիշեցրեց, որ սեփական հայրենիքում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ։ Դրանք սկիզբ են առել դեռևս 19-րդ դար վերջին՝ Օսմանյան կայսրությունում 1894-1895 թվականների հայկական ջարդերով, շարունակական բնույթ ստացել 20-րդ դարի ընթացքում և հասել ընդհուպ մինչև մեր օրեր: Ադրբեջանի կողմից անթաքույց կերպով իրականացվող ռազմատենչ և հայատյաց քաղաքականությունը, արդեն շուրջ 130 օր շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման միջոցով արտաքին աշխարհից Արցախի մեկուսացմամբ 120 000 արցախահայ բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը դրա ակներև դրսևորումներն են:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան դեպարտամենտի նախագահը, Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը, ինչպես նաև ընթերցվեցին Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության և Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի և Ֆրանսիայի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Միշել Էրբիյոն ուղերձները:
Արարողությանը ներկա էին և ծաղկեպսակներ զետեղեցին նաև Սեն Մորիսի քաղաքապետ Իգոր Սեմոն, Մեզոն-Ալֆորի քաղաքապետ Մարի-Ֆրանս Պարենը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքների ղեկավար ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ներկա էին նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ, Շարանտոն-լը-Պոն քաղաքի դպրոցի սաներ։

  • Կիսվել: