հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Ֆրանսիական Reseauinternational.net-ը անդրադարձել է ՀԱԵ շուրջ ստեղծված իրավիճակին և ՀՀ-ի եկեղեցաական և աշխարհիկ իշխանությունների միջև եղած հակամարտությանը

Ֆրանսիական Reseauinternational.net-ը անդրադարձել է ՀԱԵ շուրջ ստեղծված իրավիճակին և ՀՀ-ի եկեղեցաական և աշխարհիկ իշխանությունների միջև եղած հակամարտությանը

Ֆրանսիական Reseauinternational.net կայքը անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և եկեղեցաական և աշխարհիկ իշխանությունների միջև եղած հակամարտությանը։

Հղում կատարելով հայաստանյան և արտասահմանյան մի շարք կայքերի հրապարակած հոդվածների և տեղեկատվության վրա՝ Reseauinternational.net-ը գրում է, որ Կաթողիկոս Գարեգին Բ-ն զրկվել է Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու հնարավորությունից՝ նրա նկատմամբ հարուցվախ քրգործի պատճառով, որի շրջանակում Դատարանը նրան պարտավորեցրել է չլքել Հայաստանի սահմանները։

Կայքը նաև հիշեցնում է, որ տարբեր քրգործերի շրջանակում Հայաստանը լքելու արգելք է կիրառվել նաև վեց եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների հանդեպ։ «Հայաստանը լքելու արգելք է կիրառվել եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանի և Մակար Հակոբյանի, Գերաշնորհ Տ.Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, ինչպես նաև եպիսկոպոսներ Վահան Հովհաննիսյանի, Հայկազուն Նաջարյանի և Մուշեղ Բաբայանի նկատմամբ: Եվս երեք բարձրաստիճան պաշտոնյաներ ՝ Բագրատ Գալստանյանը, Արշակ Խաչատրյանը և Մկրտիչ Պրոշյանը, գտնվում են կալանքի տակ, Իսկ Միքայել Աջապահյանը գտնվում է տնային կալանքի տակ»,- հիշեցնում է կայքը:

Այս ամենը՝ ըստ հոդվածագրի, նպատակ է հետապնդում խափանել փետրվարի 16-19-ը Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը։

Ապա կայքը ցիտում է Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքերը, որը այս որոշումը անվանում է «պատմականորեն խայտառակ արարք Հայաստանի իշխանությունների կողմից»։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ այդ արգելքի հայտարարման նախօրեին վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հատկապես կտրուկ ելույթով․ «Սփյուռքի որոշ ներկայացուցիչների զգուշացնում եմ ՝ ձեր մասնակցությունն այս դավադիր ծրագրին լրջորեն սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը: Պատասխանը կհետևի, և այն շատ կոշտ կլինի։ Էջմիածնի գանձերը մսխելով ՝ բարերարների դիմակի հետևում թաքնվողներին մենք կուղղորդենք այլ ճանապարհ ՝ օգտագործելով Հայաստանի Հանրապետության տրամադրության տակ եղած բոլոր միջոցները»։

Ինչպես նշում է կայքը՝ Փաշինյանը հավաստել է, որ ՀՀ անվտանգության ծառայությունները ապացույցներ ունեն Հայոց Կաթողիկոսությունը Հայաստանի տարածքից դուրս բերելու ձգտումների մասին․ «Մեր ծառայությունները հետևում են տեղաշարժերին, մտադրություններին, ծրագրերին և քննարկումներին։ Դա տեղի չի ունենա, ոչ մի դեպքում։ Ես նրանց զգուշացրել եմ այդ ուղղությամբ չգործել։  Նրանք անտեսեցին նախազգուշացումները. այժմ նրանք ստիպված կլինեն քաղել հետևանքները»:

Կայքը հիշեցնում է, որ ավելի վաղ Փաշինյանը Գարեգին Բ-ին արդեն մեղադրել էր «ռազմական հեղաշրջում պլանավորելու» և «օտարերկրյա գաղտնի ծառայությունների շահերից գործելու» մեջ ՝ նրան անվանելով «ազգային անվտանգության սպառնալիք»:

Այնուհետև հոդվածագիրը անդրադառնում է փետրվարի 12 – ին սփյուռքահայ մի շարք  ազդեցիկ գործիչների բաց նամակին Փաշինյանին, որում նրանք զգուշացնում են, որ «իր կառավարութան գործողությունները կբերեն Հայրենիքի և Սփյուռքի միջև կապերի խզմանը, ինչը չի հաջողվել անել ո՛չ Օսմանյան կայսրությանը, ո՛չ Խորհրդային Միությանը»:

Ստորագրողների թվում են Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Ամերիկայի հայկական համագումարի նախկին նախագահ Էնթոնի Բարսամյանը, աշխարհահռչակ բժիշկ, գիտնական, Բրիտանական Լորդերի պալատի անդամ Լորդ Արա Դարզին, բժիշկ եւ բարերար Էրիկ Էսրայլյանը, գործարար Վաչե Մանուկյանը, ֆրանսիացի ֆինանսիստ Ժոզեֆ Ուղուրլյանը եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախկին նախագահ Բերգե Սեթրակյանը:

«Չնայած արգելքներին, Հայ Առաքելական եկեղեցին հաստատել է, որ Եպիսկոպոսաց ժողովը, ինչպես և նախատեսված էր, տեղի կունենա փետրվարի 16-19-ը: Էջմիածնի Սուրբ Աթոռի տեղեկատվական ծառայության տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը տեղեկացրել է, որ անցկացման վայրը մնացել է անփոփոխ: Եպիսկոպոսները, ովքեր հնարավորություն չեն ունենա մեկնելու Ավստրիա, կմասնակցեն հեռավար կարգով»,- գրրում է կայքը, նշելով, որ, այդուհանդերձ, Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների ֆիզիկական բացակայությունը թույլ չի տա լայնածավալ և խորքային քննարկում անցկացնել ճգնաժամի վերաբերյալ:

Այնուհետև հոդվածագիրը եզրափակում է․ «Ավելի քան տասնյոթ դար պարսիկների, օսմանցիների և ադրբեջանցիների հետապնդումներ ապրած Եկեղեցու համար սեփական կառավարության կողմից ներկայիս սպառնալիքն ամենաանսպասելին է»։

Ըստ հոդվածագրի՝ այսպիսով Հայաստանը խախտում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

  • Կիսվել: