հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանսիական որոշ ընկերություններ հետաքրքրություն են հայտնել ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներով. դեսպան

Ֆրանսիական որոշ ընկերություններ հետաքրքրություն են հայտնել ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներով. դեսպան

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ է մաղթել Հայաստանում իր առաքելության ընթացքում։

Նախարարը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում շարունակել համատեղ առկա ծրագրերը, ինչպես նաև կյանքի կոչել նոր ծրագրեր։ Նախարարը նշել է, որ ցանկություն կա ավելի լայնաշերտ դարձնել Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) հետ համագործակցությունը։

Սանոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Հայաստանում տարբեր ծրագրերում և ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներում ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությամբ:

Նա երկկողմ համագործակցության լավ օրինակ է համարել Վեդու ջրամբարի կառուցումը, Veolia ընկերության հետ համագործակցությունը։ Զրույցի ընթացքում նախարարը կարևորել է միջռեգիոնալ համագործակցությունը։

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ ցանկանում է նպաստել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, խորացմանը՝ մասնավորապես այն ոլորտներում, որոնք գտնվում են ՏԿԵ նախարարության ենթակայության ներքո։ Դեսպանը վերահաստատել է՝ Ֆրանսիայի կառավարությունը պատրաստակամ է համագործակցել ենթակառուցվածքների ոլորտում։

Ըստ դեսպանի՝ ֆրանսիական որոշ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են հայտնել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի, քաղաքային տրանսպորտի զարգացման հեռանկարներով։ Կողմերը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղված մի շարք հնարավորություններ։ Քննարկվել է վերականգնվող էներգիայի, նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ հարցեր։

Զրուցակիցները քննարկել են ԵՄ կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ծրագրային փաթեթի իրականացման ուղղություններն ու առաջնահերթությունները:

  • Կիսվել: