հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Զինվորի տուն

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Զինվորի տուն

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գիյոմ Գասպարյանը, Անն-Լորանս Պետելը, Լյուկ Լամիրոն, Մոհամեդ Լաքիլան եւ Սառա Թանզիլին հոկտեմբերի 28-ին այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոն:

Դիմավորելով հյուրերին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է կառույցի նախապատմությունը, ընդգծել, որ այն հագեցած է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով, որոնց համարժեքը չկա ամբողջ տարածաշրջանում:

«Հիվանդանոցի հիմքում դրված է մեր երկրի առողջապահության զարգացումը»,- ասել է ԵՊԲՀ ռեկտորը:

Հյուրերը շրջել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում, հետաքրքրվել կատարվող աշխատանքով, զրուցել Արցախյան երրորդ պատերազմում եւ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինվորների հետ, հետաքրքրվել են նրանց առողջական վիճակով, հետեւել բուժվողների կազդուրման գործընթացին: Հյուրերը նաեւ հնարավորություն են ունեցել կենտրոնում բուժվող տղաների մասին տեսաֆիլմ դիտել, որի շնորհիվ հնարավորություն են ունեցել ավելի մոտիկից ճանաչել կենտրոնի զինվորներին, դառնալ նրանց առօրյայի մի մասնիկը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հիացած էին Զինվորի տան տղաների լավատեսությամբ ու անկոտրում կամքով:

Տղաներից շատերն արդեն հաղթահարել են հետպատերազմական տագնապներն ու վախերը, մղձավանջային երազներն ու հիշողությունները, քնի խանգարումներն ու խուճապային գրոհները:

Ֆրանսիացի հյուրերն առողջություն եւ շուտափույթ ապաքինում են մաղթել զինվորներին:

  • Կիսվել: