կիրակի, նոյեմբեր 27
27 / 11 / 2022
Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը ներկայացել է տաղավարով և պատանի երաժիշտների համերգներով

Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը ներկայացել է տաղավարով և պատանի երաժիշտների համերգներով

Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գա­գաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագա­հութ­յունը փոխանցել է Թունիսին:

Գագաթնաժողովի շրջանակում Թունիսի Ջերբայ քաղաքում գործել է Ֆրանկոֆոնիայի ավան, որին Հայաստանը ներկայացել է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն էր: Տաղավարում ներկայացվել են գորգ (բուրդ, մետաքս), ժողովրդական ստեղծագործության այլ նմուշներ: Ցուցադրության ընթացքում գորգագործ վարպետն այցելուներին ներկայացրել է հայկական գորգագործության առանձնահատկություններն ու գաղտնիքները:

Ներկայացվել է նաև «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի կրթական նախագիծը, որի շրջանակում ցուցադրվել է տեխնոլոգիաների նշանակությունը համաշխարհային մշակույթի պահպանման և զարգացման գործում: Տաղավարի ձևավորումը հնարավորություն է ընձեռել մեկտեղելու դարերի ավանդույթ ունեցող մշակույթը և մերօրյա տեխնոլոգիաները, որոնց համադրությունն արդի աշխարհում մշակութային ժառանգության ճանաչման, պահպանման և սերունդներին փոխանցելու հրաշալի հնարավորություն է:

Տաղավարի այցելուները «ARLOOPA» հավելվածի ակտիվացման միջոցով հնարավորություն են ունեցել «կենդանացնել» նմուշները, իսկ «VR» ակնոցի և «Vcity» հավելվածի միջոցով վիրտուալ շրջայց են կատարել հայկական թանգարաններում ու եկեղեցիներում: Այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական հարուստ ժառանգությանը և իրենց հետ տանելու հայկական մշակույթի դրսևորման մի մասնիկը: Հայկական տառերի և գորգերի զարդանախշերով պատրաստված փայտե դաջերով այցելուները ձևավորել են իրենց բացիկներն ու էջանիշերը:

Նշենք նաև, Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի տաղավարում և գագաթնաժողովին երաժշտական կատարումներով հանդես են եկել «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երաժշտական խումբն ու պատանի քանոնահարները: Պատանի երաժիշտները ներկայացել են դասական և ազգային ստեղծագործությունների կատարումներով:

  • Կիսվել: