ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ֆիքսված հավելավճար կլինի. Փաշինյանը՝ արվեստի և սպորտդպրոցների ուսուցիչների աշխատավարձերի մասին

Ֆիքսված հավելավճար կլինի. Փաշինյանը՝ արվեստի և սպորտդպրոցների ուսուցիչների աշխատավարձերի մասին

Արվեստի և սպորտդպրոցների ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկելու խնդիր ենք դնում: Իրագործման փուլում բախվեցինք այն խնդրի հետ, որ այն  ֆիքսված չէ: Այսինքն, եթե հանրակրթության ոլորտում կան ֆիքսված դրույքաչափեր, այս ոլորտում մենք չունենք ֆիքսված դրույքաչափեր, որովհետև հաստատությունները համայնքային ենթակայության են և համայնքներն իրենց բյուջեից բխող տարբեր աշխատավարձեր են նշանակել: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցին:

«Հետևաբար, զուտ ֆիզիկապես, ուղղակի մեխանիկորեն կրկնապատկելն այդ խզումներն, ընդհակառակը, ավելի կընդգծեր, իսկ մենք խնդիր ունենք և՛ մասնագիտական, և՛բովանդակային առումով կրթության հասանելիությունը համահարթ դարձնել: Այսինքն, չլինի, որ Երևանում ավելի լավ կրթություն են ստանում, Երևանի կենտրոնում ավելի լավ, մի քիչ հեռու ավելի վատ ու այդպես ինչքան հեռանում է՝ ավելի վատանում է: Դրա համար, մենք խնդիրը վերաձևակերպել ենք և դարձրել ենք հետևյալը, որ ֆիքսված հավելավճար կլինի, արդեն համապատասխանաբար ատեստավորման արդյունքներից էլ կախված»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով, ինչ-որ ֆիքսված դրույքաչափ կսահմանվի՝ «օրինակ 100 հզր դրամ, հետո ատեստավորման արդյունքում 60 տոկոս արդյունքի պարագայում 60 հզր դրամ կլինի, 80 տոկոսի դեպքում՝ 80 հզր, 100 տոկոսի դեպքում 100 հզր դրամ, որպեսզի ըստ մասնագիտական որակների զարգացման մոտիվացիոն համակարգն ինքնին ներդրվի»:

Փաշինյանը նշեց, որ ընտրվում են ոլորտի ամենաշատ մասնագետներ ունեցող ուղղությունները, «Որովհետև դաշնամուր, սոլֆեջո դասավանդող ուսուցիչներն ամենաշատն են և նաև սպորտի ոլորտում ամենաշատ մարզիչներ ներգրավված են հենց նշված ուղղություններով, այն տարբերությամբ, որ նախորդ անգամ մենք քննարկում էինք ֆուտբոլի մարզիչների թեման առանձին է, որովհետև իրենք ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կառուցակարգերին համապատասխան են աշխատում: Սա էլ կարևոր է, որ մյուս փուլերում մենք մյուս մասնագետներին նույնպես այդ հնարավորությունը տանք»,- ընդգծեց   վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: