Եվրոպայի Հայ դատի գրասենյակը մտահոգություն է հայտնում Սիրիայի հյուսիսում լարվածության սրման կապակցությամբ
Բրյուսել, Բելգիա – Եվրոպայի հայ դատի գրասենյակը (EAFJD) այսօր խորը մտահոգություն է հայտնել Հալեպում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում լարվածության սրման կապակցությամբ՝ ընդգծելով Թուրքիայի խաթարիչ դերակատարումը տարածաշրջանում։
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը զգուշացրել է, որ Թուրքիայի գործողությունները խոչընդոտում են Սիրիայում ազգային համախմբվածության վերականգնմանն ուղղված ջանքերին՝ երկիրը պահելով շարունակական անկայունության մեջ և շարունակելով միջամտել նրա ներքին գործերին։ Վերջին շրջանում պետական ուժերի և քրդական ստորաբաժանումների միջև տեղի ունեցած զինված բախումները ավելի են սրել իրավիճակը։
«Վերջին շրջանում Հալեպը, մասնավորապես Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածները, հայտնվել են լարվածության բարձր աստիճանի պայմաններում, այդ թվում՝ պետական ուժերի և քրդական ստորաբաժանումների միջև զինված բախումների ֆոնին։ Ներքին համախմբվածության վերականգնման ջանքերը՝ որպես ազգային միասնության կարևոր ազդակ, խոչընդոտվում են Թուրքիայի կողմից, որը սեփական շահերից ելնելով ձգտում է Սիրիան պահել մշտական անկայունության մեջ», – հայտարարել է Գասպար Կարապետյանը։
Հայտարարության մեջ կոչ է արվել բոլոր կողմերին հրաժարվել սպառնալիքներից և ուժի կիրառման քաղաքականությունից՝ դրանք փոխարինելով կառուցողական երկխոսությամբ, ապահովելով քաղաքացիական և մշակութային հավասար իրավունքներ Սիրիայի բոլոր քաղաքացիների համար։ Գասպար Կարապետյանը նշել է, որ արդեն իսկ ձեռնարկվել են որոշ դրական քայլեր, սակայն կարևոր է դրանք լիարժեք կյանքի կոչել և դիմակայել հակասությունները զինված առճակատմամբ լուծելու գայթակղությանը։
«Կառուցողական երկխոսությունը, քաղաքացիական իրավունքների հարգումն ու միջազգային նորմերի պահպանումը Սիրիայում կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն են», – եզրափակել է նա։


