չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Եթե ոչինչ չանեինք, մի քանի տարուց կունենայինք անապատացող Երևան. Բեգոյանը՝ հաստաբուն ծառերը հատելու մասին

Եթե ոչինչ չանեինք, մի քանի տարուց կունենայինք անապատացող Երևան. Բեգոյանը՝ հաստաբուն ծառերը հատելու մասին

Ես տեղյակ եմ որոշակի հարցումների, ես գիտեմ, որ ազգաբնակչության մոտ 60-70%-ը ողջունում է հիվանդ, ոչինչ չանող ծառատեսակների դուրս բերումը Երևանի կանաչ տնկարկներից և շատ գոհ է կատարվելիք աշխատանքով: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ անդրադառնալով Երեւանում հաստաբուն ծառերը հատելուն եւ փոխարենը ցածր սակուռաներ տնկելուն:

«Բնության մեջ հավերժ ոչինչ չկա։ Մենք մեղավոր չենք, որ ժամանակին այդպիսի ծառեր են տնկվել արագ կանաչապատելու համար, որոնց կյանքի տևողությունը մի 50 տարի է քաղաքային պայմաններում։ Լավ կլիներ, որ տնկած չլինեին, այդ մասերում էլ տնկած լինեին սոսիներ, կաղնիներ, որոնց կյանքը հարյուրավոր տարիներ է։ Դե հիմա ունենք այն ինչ ունենք։

Ես մնում եմ իմ ասածի հիմքերում, որ այո, Երևան քաղաքում 30 տարի որևիցե լուրջ կանաչապատման աշխատանք չի կատարվել, հետևաբար Երևան քաղաքի կանաչ ֆոնդը հասել է այն վիճակին, որ նրան անհրաժեշտ են, եթե կարելի է այսպես ասել, վիրահատական միջամտություններ։

Եթե մարդն էլ 30 տարի ինչ-որ խնդիր ունենա և չգնա բժիշկի, վստահեցնում եմ ձեզ, որ 30 տարի հետո բժիշկին այցելելուց հետո 90 տոկոսից բարձր դեպքերում այդ խնդրի լուծումը  արդեն հասած կլինի վիրահատական միջամտության։

Եթե այս միջոցառումները մեկնարկած չլինեին, մենք մի քանի տարուց կունենայինք անապատացող Երևան, որովհետև այդ ծառերն ապրել են իրենց կյանքը, չես կարող 100 տարեկան մարդուն փորձել ինչ-որ դեղով պահել, որ նա ապրի»,- ընդգծեց Բեգոյանը:

  • Կիսվել: