երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Եթե Կաշենի հանքավայրը տրվի ադրբեջանցիներին, ապա նրանց ախորժակն ավելի կբացվի. ուսանող

Եթե Կաշենի հանքավայրը տրվի ադրբեջանցիներին, ապա նրանց ախորժակն ավելի կբացվի. ուսանող

Խաղաղությունը բոլորիս երազանքն է, ուրիշ հարց է, թե ինչ մեխանիզմներով կարելի է խաղաղության հասնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՌԴ դեսպանատան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողներից մեկը։

Նշենք, որ երիտասարդները՝ ի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախի՝ բողոքի ակցիա են կազմակերպել։

«Բերձորի միջանցքում հավաքված «բնապահպանները», բաց աղբյուրներում կան տեղեկությունները, որ նրանք մեծամասամբ Ադրբեջանի նախկին հետախույզներ են։ Նրանք որպես խաղաղության նշան թռցրեցին աղավնի, որ սատկեց նրանց ձեռքում. դա սիմվոլիկ բան է։ Ադրբեջանցիների հետ ապրելը հնարավոր չէ։ Եթե խաղաղության հասնելը զիջումների գնալն է, իհարկե ոչ, որովհետև զիջումների գնալով թշնամու ախորժակն ավելի է բացվում։ Եթե Կաշենի ոսկու հանքավայրը տրվի նրանց, ապա ավելի կբացվի ախորժակը»,- նշեց երիտասարդը։

Ուսանողներից մեկը կոչ արեց մյուս ուսանողներին ևս միանալ իրենց ակցիային. «Մեր հայրենակիցներն այս պահին շրջափակման մեջ են և խոսքը մեկ կամ երկու հոգու մասին չէ, հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ շրջափակման մեջ են թշնամու կողմից։ Մենք պահանջում ենք՝ բացել Լաչինի միջանցքը»։

Նշենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, դեկտեմբերի 13–ից, Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։

Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ եւ սեղմված գազի պակաս։ Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ, այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։

  • Կիսվել: