չորեքշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2022
Եթե այն քաղաքականությունը, որը իրականացվում է առողջապահության ոլորտում այսօր, իրականացվեր նախորդիվ, մարզային բժշկությունը շատ ավելի զարգացած կլիներ. Մարտունու ԲԿ տնօրեն

Եթե այն քաղաքականությունը, որը իրականացվում է առողջապահության ոլորտում այսօր, իրականացվեր նախորդիվ, մարզային բժշկությունը շատ ավելի զարգացած կլիներ. Մարտունու ԲԿ տնօրեն

Այս տարվա տարեվերջին շահագործման կհանձնվի Մարտունի քաղաքի բուժկենտրոնի նոր արդիականացված մասնաշենքը: Իսկ մինչ այդ InfoPort.am-ը «Առողջապահություն» խորագրի ներքո զրուցել է ԲԿ-ի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ արդեն իսկ իրականացված ծրագրերի, ապագայի պլանների, ՀՀ-ում իրականացվող առողջապահական քաղաքականության և ոլորտին առնչվող այլ օրախնդիր հարցերի շուրջ:

-Պարոն Հարությունյան, Դուք Մարտունի բկ-ի ղեկավարի պաշտոնը ստանձնել եք 2019-ից, գիտեմ, որ մեղմ ասած, ծանր ժառանգություն եք ստացել, ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Ձեր պաշտոնամուտից ի վեր:   

-Շատ ճիշտ եք, բայց նախ ուզում եմ տեղեկացնել, որ Մարտունու բժշկական կենտրոնը մարզի խոշորագույն բազմապրոֆիլ առողջապահական հաստատությունն է և սպասարկում է ոչ միայն Մարտունու տարածաշրջանի, այլև հարակից շրջանների բնակչությանը: Սկսած 2019 թվականից կառավարության և Գեղարքունիքի մարզպետի ակտիվ աջակցությամբ, ինչպես նաև ԲԿ-ի կառավարման մարմնի ջանքերով իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ։ Արվել է ամեն բան, որպեսզի բկ-ում բուժում ստացողների համար հարմարավետ պայմաններ ստեղծվեն, այդ ճանապարհին չի խնայվել եւ ոչ մի ռեսուրս։

Ներկա պահին կենտրոնի մասնաշենքերն արդեն ապահովված են լոկալ ջեռուցման համակարգով, շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարմամբ, ավելացվել են սանհանգույցները, իրականացվել է վիրաբուժական, մանկաբուժական և ընդհանուր թերապևտիկ բաժանմունքների կոսմետիկ վերանորոգում, բոլոր բաժանմունքները համալրվել են նոր ֆունկցիոնալ մահճակալներով և անհրաժեշտ գույքով: 2019 թվականին բժշկական կենտրոնի միջոցներով ձեռք են բերվել ժամանակակից լաբորատոր սարքեր, ինչը հնարավորություն է ընձեռում իրականացնել հիվանդությունների ճիշտ ախտորոշում և բուժման հետագա ընթացքի, պացիենտների վիճակի վերահսկում:

Այսօր հպարտությամբ կարող ենք փաստել, որ մեր բկ-ն իր հագեցվածությամբ չի զիջում մարզային եւ որեւէ լավագույն բուժհաստատության՝ և դա մեծապես նաև մեր մարզային իշխանությունների՝ ի դեմս մարզպետ Սարգսյանի ամենօրյա ուշադրության ու սրտացավության շնորհիվ է։ 

-Կպատմե՞ք կենտրոնի հագեցվածության եւ մատուցած ծառայությունների մասին։

- Մարտունի ԲԿ-ում, որքան էլ, որ զարմանալի հնչի` 2020 թվականի փետրվար ամսից գործում է  հեմոդիալիզի բաժանմունք, որտեղ բուժում են ստանում 38 պացիենտ: Սա եւս համարում եմ մեծ առաջընթաց մարզային բժշկությունը զարգացման հարցում:

2021 թվականին Բժշկական կենտրոնը համալրվել է գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորումով, ինչը հնարավորություն է ընձեռում իրականացնել արագ և ճշգրիտ ախտորոշում: Նույն 2021 թվականի ընթացքում բժշկական կենտրոնում կառուցվել է թթվածնի արտադրամաս, որի շնորհիվ լուծվել է թթվածնակախյալ պացիենտների թթվածնային ապահովման խնդիրը:

2021 թվականին բժշկական կենտրոնի միջոցներով ձեռք է բերվել գերժամանակակից լապարասկոպ սարք: Լապարոսկոպիկ վիրաբուժությունը նորարարական վիրաբուժական մեթոդ է և ունի մի շարք առավելություններ ավանդական վիրաբուժության համեմատ: Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների լապարոսկոպիկ վիրահատությունները՝ առանց ավանդական կտրվածքի նվազագույն ինվազիվ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակ ունեցող , հոսպիտալացման սեղմ ժամկետներ ապահովող (1-2 օր) և աշխատունակության արագ վերականգնմամբ միջամտություններ են: Այնպես որ այս առումով էլ աշխատում ենք չզիջել մայրաքաղաքային կլինիկաներին և քայլել ժամանակակից բժշկության ստանդարտներին համահունչ:

-Պ-ն Հարությունյան, Մարտունու ԲԿ-ն կորոնավիրուսի համավարակի ժամանակ այն եզակի մարզային բուժհաստատություններից էր, որոնք արագորեն վերածվեցին քովիդ-կենտրոնների, ինչպե՞ս հաղթահարեցիք այս փորձությունը:

-Դարի համավարակի` քովիդի ժամանակ ԲԿ-ն աշխատել է օրինբուն` սպասարկելով ոչ միայն Մարտունիի, այլ հարակից շրջանների հիվանդների։ 2020 թվականին համավարակի կանխարգելման և պացիենտների բուժումն ապահովելու նպատակով ձևավորվեց COVID-19 կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություններ մատուցող բաժանմունք` 50 մահճակալով: ՀՀ Կառավարության կողմից իրականացված ներդրումների շնորհիվ բաժանմունքը վերանորոգվել և հագեցվել է ժամանակակից սարքավորումներով ու պարագաներով:

-Չնայած նրան, որ ԲԿ-ում արդեն իսկ իրականացվել են վերանորոգման և արդիականացման ծավալուն աշխատանքներ, սակայն արդեն իսկ կառուցվում է բուժկենտրոնի նոր մասնաշենքը...Ե՞րբ այն կտրվի շահագործման:    

-Ընթացիկ տարվա վերջին նախատեսվում է շահագործման հանձնել բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը, որի կառուցման աշխատանքները ընթանում են ժամանակակից միջազգային բոլոր չափանիշներին համահունչ: Նոր մասնաշենքում ունենալու ենք նաեւ համակարգչային տոմոգրաֆիայի բաժին:

-Պարոն Հարությունյան, այս ամենով հանդերձ, կարծում եմ ինքներդ էլ կփաստեք, որ մարզի հիվանդները, անգամ քաջատեղյակ լինելելով, որ մարզային բկ-ում իրականացվում են բարդ վիրահատություններ, դժվարամատչելի հետազոտություններ` միեւնույն է շատ դեպքերում վազում են դեպի մայրաքաղաքային բուժկենտրոններ, ինչո՞ւ։

-Այնքան արդիական հարց եք բարձրացնում... բայց ես դրան շատ բաց տեքստով կպատասխանեմ... ժամանակին` նկատի ունեմ նախկին իշխանությունների օրոք իրականացվում էր այնպիսի քաղաքականություն, որպեսզի մարզային բկ-ներում բուժում ստանային միայն ֆինանսապես ոչ վճարունակ հիվանդները, իսկ համեմատաբար վճարունակ խավը ուղղորդվում էր դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ:

Սակայն ներկայիս կառավարությունը, բարեբախտաբար, վերանայել է այդ քաղաքականությունը և իրականացնում է մարզակենտրոն ռազմավարություն:

Պետք է նշեմ, որ թե առողջապահության նախարարի, թե մեր մարզպետի ջանքերով մարզային բկ-ները, այդ թվում և Մարտունունը զարգանում են ամենօրյա ռեժոմով` պարբերաբար վերազինվում և համալրվում են պրոֆեսիոնալ կադրերով: Եթե այսպիսի մոտեցում որդեգրվեր նախորդիվ, այսօր մարզային բկ-ները շատ ավելի մեծ առաջընթաց կունենային:

Դեպի մայրաքաղաք պացիենտների հոսքին նպաստել են նաեւ բկ-ի շենքային պայմանները: Հավատացեք ոչ մի մասնագետ չէր գա տարրական պայմաններից զուրկ բկ-ում աշխատելու, այսօր այդ խնդիրը կամաց-կամաց լուծվում է, իսկ հունվարից առհասարակ կվերանա, որովհետեւ, ինչպես նշեցի, դեկտեմբերի վերջին շահագործման կհանձնվի նոր մասնաշենքը:

 

  • Կիսվել: