երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Եթե 25 երթուղին հանեն, պռոշյանցիները կփակեն Երեւան-Աշտարակ խճուղին. Պռոշյանցիները եկել են հանդիպելու ՏԿԵ փոխնախարարին

Եթե 25 երթուղին հանեն, պռոշյանցիները կփակեն Երեւան-Աշտարակ խճուղին. Պռոշյանցիները եկել են հանդիպելու ՏԿԵ փոխնախարարին

Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչներն այսօր՝ ապրիլի 7-ին, հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ եւ պետք է հանդիպեն ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ:

Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Նշենք, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ արժեքով։

Երկու օր առաջ այս երկու բնակավայրերի բնակիչները փակել էին Երեւան-Աշտարակ ճանապարհը եւ երկար ժամանակ փակ էին պահել: Ի վերջո ճանապարհը բացվեց, քանի որ նրանց խոստացան՝ մինչեւ հարցի լուծումը կգործի թիվ 25 համարի երթուղին:

Այսօր փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ բնակիչներից Մարիամ Պետրոսյանն ասաց, որ որեւէ ակնկալիք չունի այս հանդիպումից. «Չեմ կարծում, որ դրական պատասխան կլինի, բայց մենք պատրաստ ենք մինչեւ վերջ գնալ: Այն մարդիկ, որոնք ինձ խնդրել են, որ ներկայացնեմ իրենց ասել են, որ իրենք մինչեւ վերջ են գնալու, պայքարելու են, որ 25 համարի երթուղին մնա, եւ նույն երթուղին լինի, այսինքն Երեւանով հասնի Ազատության պողոտա եւ Հաղթանակի զբոսայգի: Պռոշյանցիների պահանջը տեղին է: Պռոշյանը շատ մոտ է Երեւանին, ճանապարհն էլ արագընթաց է, հետեւաբար վառելանյութի ծախսն է քիչ: Օրինակ, Պռոշյան գնացող տրանսպորտի ծախսը համեմատելի չէ ՀԱԹ գնացող կամ Նորքի Զանգված գնացող տրանսպորտի ծախսի հետ:

Երթուղին հանելու հիմնավորումն այն է, որ Պռոշյանը Կոտայքի մարզի մեջ է մտնում: Եթե առաջ հարակից գյուղերը սպասարկել է «Երեւանտրանսը», հիմա ասում են՝ ոչ, դուք մարզ եք, գյուղացի եք: Պռոշյանը միշտ տրանսպորտով ուղիղ կապ է ունեցել Երեւանի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այս սոցիալական հարցը չլուծվի, գուցե նաև վերածվի քաղաքական հարցի:

Մարիամ Պետրոսյանը նաեւ ընդգծեց, որ իրենց ասել են, որ 25 համարի երթուղին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունն իրենց չի պատասխանել. «Իրենք իրավունք չունեն սահմանափակել մեր տեղաշարժի իրավունքը: Հիմա այսօր 25 հոգանոց խումբը պետք է հանդիպի ՏԿԵ փոխնախարարի հետ: 15-ը Պռոշյանից են, 10-ը՝ Քասախից:

Մենք դեմ չենք, որ Գաիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտիտրանսպորտ» ընկերության «Գազելները» Պռոշյան գան, բայց դա պետք է լնիի 25 երթուղուն զուգահեռ, ոչ թե փոխարինեն նրան: Եթե մեզ լղոզված պատասխան տան, բնակիչներն ինձ ասել են, որ պատրաստ են պայքարը շարունակել և դա կլինի կամ Երեւան-Աշտարակ խճուղին փակելը կամ խճուղու մեջտեղով քայլելով կգան Երեւան»:

  • Կիսվել: