Ես քրեական հեղինակությունների հետ կապ չունեմ. «օրենքով գողերը» չպետք է լինեն ազատության մեջ. Հայկ Սարգսյան
Ես քրեական հեղինակությունների հետ, բնականաբար, կապ չունեմ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Ես նաեւ ԱԺ-ում հարց եմ տվել ՆԳ նախարարին քրեական ենթամշակույթի հետ կապված: Հարցս եղել է հետեւյալը, որ Հայաստանում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունենալը, տալը, ստանալը ենթադրում է պատասխանատվություն կալանքով, եւ ինչու մենք այսօր ունենք ազատության մեջ գտնվող քրեական ենթամշակույթ կրող բարձրագույն աստիճան ունեցողներ, այն է՝ «օրենքով գողեր» և «քրեական հեղինակություններ»:
Եթե ես հովանավորեմ կամ որեւէ կապ ունենամ քրեական հեղինակության հետ, բնականաբար, նման հարցեր չեմ տա: Ես մշտապես պահանջում եմ, որ ՆԳՆ-ն կատարի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը եւ պատասխանատվության ենթարկի բոլոր նրանց, որոնք քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեն, տվել են, ստացել են կամ պահպանում են: Ուղղակի ծիծաղելի են ինձ քրեական աշխարհի հետ կապելու մեկնաբանությունները»,- հայտարարեց Հայկ Սարգսյանը: