ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի համար հայտ են ներկայացրել Ծաղկաձորն ու Մեծամորը

Երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի համար հայտ են ներկայացրել Ծաղկաձորն ու Մեծամորը

2022թ. հոկտեմբերի 26-ից մեկնարկում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող «ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ քվեարկության փուլը։ ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի համար հայտ է ներկայացրել երկու քաղաք՝ Ծաղկաձորն ու Մեծամորը։

 

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ հայտերի գնահատումն իրականացվում է հետևյալ եղանակով՝ հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից՝ սահմանված պահանջներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ,
հայտերի փորձագիտական գնահատում այդ նպատակով ձևավորված փորձագիտական խմբի կողմից` տեղում ուսումնասիրությունների միջոցով, կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն։

Հիշեցնենք, որ քվեարկության փուլին նախորդել են մրցութային հանձնաժողովի կողմից հայտերի՝ մրցույթի կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ գնահատումը, իսկ սեպտեմբերին իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելությունները հայտատու քաղաքներ:

 

Տեղում փորձագետները հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ուսումնասիրել հայտերում ներկայացված ծրագրերի համապատասխանությունը երիտասարդական պետական քաղաքականության առաջնայնություններին, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում:

Հանդիպումների ընթացքում քննարկումեր են եղել համայնքային երիտասարդական ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերի շուրջ, դիտարկվել են նաև համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները:

Հայտերի գնահատման վերջին փուլը՝ SMS քվեարկությունը, կտևի մինչև նոյեմբերի 14-ը: 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին 5009 կարճ համարին՝ հայատառ ուղարկելով նախընտրած քաղաքի անվանումը՝ Ծաղկաձոր կամ Մեծամոր։

Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։ Մրցույթի հաղթողը որոշվում է փորձագիտական խմբի գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ։

ՀՀ ԿԳՄՍ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը, նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ/միջավայրեր, քաղաքացիական հասարակության կառույցներ), խրախուսել տեղական երիտասարդական աշխատանքի ձևավորմանն ու զարգացմանը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչմանը և այլն։

  • Կիսվել: