հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Երևանը 2806 տարեկան է

Երևանը 2806 տարեկան է

Երևան, Հայաստանի մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է երկրի վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ 2022 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Երևանում ապրում է 1 092 800 մարդ (2022)։

Երևանը՝ որպես Էրեբունի ամրոց֊քաղաք, հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր։

Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։

1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երևանն ստացել է մարզի (Երևանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան և օրհներգ։ Տեղական ինքնակառավարումը Երևանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին և քաղաքապետը:

Երևանի խորհրդանիշ հանդիսացող զինանշանը, դրոշը և հիմնը ընդունվել են Երևանի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 27-ի նիստի որոշումներով։

Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը։

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Այստեղ են գտնվում հազարամյակների պատմություն ունեցող պատմամշակութային արժեքներ։ Կան բազմաթիվ թանգարաններ, հուշարձաններ, եկեղեցիներ, որոնք վկայում են քաղաքի հոգևոր, մշակութային և գիտական բարձր կարգավիճակի մասին։ Երևանը՝ որպես ձեռնարկատիրական գործունեության և ներդրումների համար կայուն և ապահով, զբոսաշրջության համար գրավիչ պատմամշակութային քաղաք, միջազգային զբոսաշրջային շուկային բազմաբնույթ մրցունակ զբոսաշրջային արդյունք և բարձրակարգ ծառայություններ առաջարկելու մեծ ներուժ ունի։

  • Կիսվել: