երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է մերկասառույցի մեջ, կոտրել բնակչի տան քարե պարիսպն ու երկաթե ճաղավանդակը, բախվել գազի խողովակին և փակել ճանապարհը

Երևանում թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է մերկասառույցի մեջ, կոտրել բնակչի տան քարե պարիսպն ու երկաթե ճաղավանդակը, բախվել գազի խողովակին և փակել ճանապարհը

Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում 62-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած «Հագեր» մակնիշի ավտոբուսով Սարի թաղի 13 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին, ապա բնակիչի տան քարե պարսպին ու երկաթե ճաղավանդակին, ու ամբողջությամբ փակել ճանապարհը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

 Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացնում նույն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու կրտսեր պարեկ Հայկ Բարսեղյանը։

Վթար փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ հրաշքով են պրծել թե՛ վարորդը, թե՛ ուղևորները, քանի որ ավտոբուսի մեջ մի քանի ուղևոր կար և երջանիկ պատահականություն էր միայն, որ ավտոբուսը չի կողաշրջվել։ Դեպքը տեղի չէր ունենա, եթե քաղաքապետարանը ժամանակին ճանապարհը մշակեր աղ ու ավազով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 13 երթուղին՝ Քանաքեռ- Սարի թաղ հատվածը:

  • Կիսվել: