ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երևանում մի քանի տարի է՝ կեղտաջրերը լցվում են բնակիչների տները. «Վեոլիա ջրին», Մալաթիայի թաղապետարան և Տիգրան Ավինյանին դիմելն օգուտ չի տվել (լուսանկարներ)

Երևանում մի քանի տարի է՝ կեղտաջրերը լցվում են բնակիչների տները. «Վեոլիա ջրին», Մալաթիայի թաղապետարան և Տիգրան Ավինյանին դիմելն օգուտ չի տվել (լուսանկարներ)

Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչները զայրույթ են հայտնում «Վեոլիա ջրի» և Մալաթիայի թաղապետարանի հասցեին՝ պատմելով, որ 2018 թվականից իրենց թաղում գարշահոտ է  ու պատճառը դիտահորերից դուրս հորդող կեղտաջրերն են: Բնակիչների պնդմամբ՝ ո՛չ «Վեոլիա ջուր»-ը, ո՛չ թաղապետարանը հարցին լուծում չեն տալիս:

Այսօր՝ ապրիլի 20-ին shamshyan.com-ի հետ զրույցում բնակիչներն պատմել են. «2018 թվականից մեր թաղը գարշահոտ է շնչում ու պատճառը ոչ թե բնակիչների փնթի ապրելու մեջ է, այլ «Վեոլիա ջրի» ու Մալաթիայի թաղապետարանի։ Մենք՝ բնակիչներով, ինչքան հնարավոր է պայքարում ենք այս գարշահոտի դեմ, սակայն՝ ոչ մի արդյունք։ Դիտահորերից կեղտաջրերը 6-7  տարի է հոսում են։ Անգամ հարևանությամբ դպրոց այցելող աշակերտները այս հոտի պայմաններում են ուսում ստանում։  Զանգահարում ենք «Վեոլիա ջուր», ասում են՝ դա մեր գործը չէ, դիմեք թաղապետարան, զանգում ենք թաղապետարան, այնտեղից էլ՝ նույն պատասխանը։ Մի քանի անգամ էլ դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ հավատալով, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը կազդի «Վեոլիա ջրի» ու Մալաթիայի թաղապետի վրա բայց, զուր, ոչ մի օգուտ։

Ասում եք՝ պայքարում եք խոլերայի դեմ, խոլերան էլ ո՞նց է լինում. գարշահոտը մի քանի հարյուր մետրից զգացնել է տալիս ու անգամ կեղտաջուրը լցվում է մարդկանց տները, նկուղներ, ննջասենյակներ, իսկ «Վեոլիա ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը շարունակում են մուկն ու կատուն խաղալ։

Վճարումները կանոնավոր կատարում ենք, անգամ 1 օր չենք ուշացնում, բայց դրա փոխարեն ստանում ենք զրո սպասարկում, գումարած՝ գարշահոտ, սրտխառնոց, էլ չենք ասում, որ օրերը տաքանալուն պես մոծակներն ու մլակները սաղիս «գզզում» են։ Ամառվա տապին վախենում ենք դուռ ու լուսամուտ բաց թողնենք։ Ամոթն էլ լավ բան է, ուրիշ ժամանակ այդ «վայ» չինովնիկները կհայտարարեն, թե իրենց սիրտը ցավում է բնակչի ու սպառողի համար, մինչդեռ ձեր անգործության հետևանքով էլ սիրտներս չի դիմանում էդ գարշահոտին։

 Համոզված ենք, որ դուք 10 րոպեից ավել էս հոտը չեք շնչի, եթե գաք էստեղ, մի քանի վայրկյան հետո հոտից «մակարովի գյուլլի» նման կփախնեք։ Եկեք, քարերը փեշներիցդ թափեք ու իրոք մտածեք ժողովրդի մասին, գործ արեք, մի քանի մետր խողովակ պիտի փոխեք ու 1-2 դիտահոր մաքրեք, բայց դա էլ չեք անում ու դրա հետևանքով օրվա 24 ժամը գարշահոտ է տիրում այս փողոցում»։





  • Կիսվել: