երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Երևանում մերկասառույց ճանապարհին «Nissan»-ը բախվել է մեկ այլ վթարի համար դեպքի վայր ժամանած հրշեջ-ավտոմեքենային

Երևանում մերկասառույց ճանապարհին «Nissan»-ը բախվել է մեկ այլ վթարի համար դեպքի վայր ժամանած հրշեջ-ավտոմեքենային

Այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևանում Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է տեղում մեկ այլ վթարի համար դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Գագիկ Բուլղադարյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ.-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, բախվել էր երկաթե դարպասին ու մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Գագիկ Բուլղադարյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր էին կազմվում։

Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ նշում էին, որ հունվարի 2-ից մինչև այսօր մերկասառույց ճանապարհի պատճառով 5 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար առանց զոհերի ու վիրավորների։ Ու եթե Կենտրոնի թաղապետարանը բարեհաճեր ժամանակին աղ ու ավազով մշակեր ճանապարհը, ապա այդ վթարները տեղի չէին ունենա։

  • Կիսվել: