Երևանում «Mercedes»-ը Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի․ վիրավորին տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ հունվարի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Ստեփան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տոնիկ Մանուկյանն ու Արթուր Փաշիկյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Դավիթ Ալավերդյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի հատուկ պահպանվող տարածք։


