կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում մեկ շաբաթում ինքնակամ շինությունների վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել

Երևանում մեկ շաբաթում ինքնակամ շինությունների վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել

Երևանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Իրականացվել են թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ: Անցկացնելով համեմատական նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ նշեմ, որ կազմված արձանագրությունների քանակը ավելացել է 20-ով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ընթացիկ գործերի քանակը նվազել է 11-ով, իսկ ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների քանակը ավելացել է 3-ով»:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով թեմային, մտահոգություն հայտնեց որոշ հարցերի շուրջ և ասաց, որ եղել են որոշ վարչական շրջաններում ինքնակամ շինությունների վերաբերյալ արձանագրումներ, որոնք չեն արձանագրվել հենց վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցների կողմից:

«Քանակապես մի քիչ տարօրինակ թիվ ունեցել ենք Էրեբունիում: Ես զեկուցագիր եմ ստացել, խնդրեմ եմ այդ զեկուցագրի պատասխանի նկատմամբ ուշադիր լինել, մանրամասն ամեն դեպքի հստակ բացատրությունը տալ, թե ինչու է այդպես ստացվել: Անկեղծ ասած՝ քանակապես, ինձ մի քիչ տարօրինակ թվաց: Կամ մենք այդտեղ ունենք խնդիր հենց վարչական շրջանի ներսում, կամ, միգուցե, կա բացատրություն, որ դուք կտաք»-նշեց նա:

  • Կիսվել: