հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում Lexus-ի վարորդը Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Երևանում Lexus-ի վարորդը Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, «Արգավանդ» կաhույքի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող տղամարդ հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։  Վարորդը դրանից հետո ահազանգել է ոստիկանություն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Մանուկյանն ու Գոռ Բաբայանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։ Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսանի, բաժնի պետի տեղակալներ Սամվել Սամվելյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։

Նա եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  

  • Կիսվել: