Երեւանում կրակոցների գործով ձերբակալվել է գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը
Երևանի Ամիրյանի փողոցում հուլիսի 18-ի երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների գործով ձերբակալվել է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը:
ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին ի պատասխան Սիլ Գրուպի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնում է, որ ժամը 17:00-ից Իշխող «Իմ քայլը» խմբակցության ցուցակի անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, փաստաբան Գոռ Միքայելյանի հետ գտնվում է ՀՀ ոստիկանությունում:
Ըստ որոշ տվյալների՝ կրակոցներ արձակողը եղել է հենց ինքը՝ Ռոբերտ Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 9մմ տրամաչափի 3 հատ պարկուճ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել եմ մի շարք վկաներ, կատարվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունների զննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանց, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: