կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում դաժան ծեծի է ենթարկվել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավարը

Երևանում դաժան ծեծի է ենթարկվել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավարը

Այսօր կեսօրին Երևանում դաժան ծեծի է ենթարկվել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավար Ռաֆայել Այվազյանը։ Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով ժամը 12:00–ի սահմաններում Մասիվիում՝ «Մերսեդեսի խաչմերուկ» կոչվող հատվածում, երբ Այվազյանն իրեն պատկանող մեքենայով երթևեկելիս է եղել, նրա մեքենային հետևից հարվածել են։ Երբ իջել է մեքենայից և հարվածող մեքենայի վարորդի հետ սկսել են զրուցել, այդ պահին երեք դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա ու ծեծի ենթարկել, որից հետո դիմել են փախուստի։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն Ռաֆայել Այվազյանը չի էլ հասցրել տեսնել թե ովքեր են իր վրա հարձակված անձինք։ Կան տեղեկություններ, որ դեպքը պայմանավորված է Այվազյանի հասարակական– քաղաքական գործունեությամբ։

ՀՀ Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հաստատեցին Երևանում կատարված միջադեպի վերաբերյալ լուրը։ Կառույցի լրատվականի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը Irakanum.am–ի հետ զրույցում ասաց, որ տվյալ քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, ապա՝ «Իզմիրլյան» հիվանդանոց։ Երկու հիվանդանոցներից էլ ոստիկանությունը հաղորդում ստացել է, և ըստ Գաբրիելյանի դրանք ստուգվում են։

 

  • Կիսվել: