Երևանում բախվել են թիվ 4 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ռուբինյանց և Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում բախվել են «Yutong» մակնիշի տրոլեյբուսն ու «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևորներ, 27-ամյա Միլենա Հ.-ն, 33-ամյա Մարինե Ա.-ն և 41-ամյա Լուսինե Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նշան Թադևոսյանն ու Դավիթ Սիրունյանը։
Վթարի մասին ՆԳՆ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները։
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոբուսն ու տրոլեյբուսը հաշվառված են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում։
Ավտոբուսը սպասարկում է թիվ 65, իսկ տրոլեյբուսը՝ թիվ 4 երթուղին։



