հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանում բախվել են Infiniti-ն և փրկարար ծառայության ավտոմեքենան. կա վիրավոր

Երևանում բախվել են Infiniti-ն և փրկարար ծառայության ավտոմեքենան. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/1 հասցեի դիմաց բախվել են Infiniti մակնիշի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի Isuzu մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝  գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի  գլխավորությամբ: Տեղում  ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովհաննես Դողանյանն ու Մհեր Հակոբյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում:

Վթարի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների  և վիրավորի ինքնությունը:  Օպերատիվորեն  ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:  

Ֆոտոլրագրողը  հայտնում է նաև, որ հրշեջ-ավտոմեքենան վթարի հարևանությամբ գտնվող ավտոտեխսպասարկման կետում առաջացած հրդեհի վայր էր ժամանում: 

  • Կիսվել: