Երևանում ազդանշան տալու համար «Ford»-ի վարորդն ինչ-որ առարկայով մի քանի անգամ հարվածել է «Hyundai»-ի ուղևորի գլխին՝ պատճառելով գանգուղեղային ծանր վնասվածք
Մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վահրամ Փափազյան փողոցում երկու ավտոմեքենաների անձնակազմերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 4/1 հասցեում վայր ընկնելու հետևանքով «Երևան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնությա դիմածը Երևանի բնակիչ 39-ամյա Խաչատուր Ե․-ն է և Երևանի քրեական ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Փափազյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկից դեպի Հովսեփ Էմին փողոց ընթանալիս «Ford» մակնիշի ավտոմեքենան ազդանշան է տվել «Hyundai» մակնիշի ավտոմեքենային, որը վարել է Խաչատուր Ե․-ի ընկեր, Երևանի բնակիչ 35-ամյա Արսեն Գ․-ն, որից հետո «Ford»-ի վարորդը իջնելով ավտոմեքենայից ինչ-որ առարկայով մի քանի անգամ հարվածել է Խաչատուր Ե․-ին՝ պատճառելով գանգուղեղային ծանր վնասվածք։
Իրավապահների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ «Ford»-ի վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։



