շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել՝ Հանրապետության հրապարակը և Ազատության հրապարակը․ Ավինյան

Երևանում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել՝ Հանրապետության հրապարակը և Ազատության հրապարակը․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու այսօրվա նիստում ներկայացրել է մայրաքաղաքում հրավառություն իրականացնելու պայմանների մասին որոշման նախագիծը։ Ավինյանը շեշտեց, որ մշտապես խոսվում է հանրային շահի գերակայության մասին. «Ներկայացվող նախագիծը նույնպես հանրային շահի գերակայության մասին է»։

Ըստ Ավինյանի՝ հրավառությունները կարող են հաճույք պատճառել նրանց, ում համար դա կազմակերպվում է, բայց տհաճություն է պատճառում շրջակա տարածքում բնակվող հազարավոր մարդկանց. «Այստեղ կրկին մենք պետք է վերադառնանք հանրային շահի գերակայությանը։ Ներկայացվող նախագծով Երևանում հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմաններն ենք սահմանում»,-ասաց Ավինյանը։

Նա տեղեկացրեց, որ նախագծով արգելվում է մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը. «Երևանում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել։ Դրանք են՝ Հանրապետության հրապարակը և Ազատության հրապարակը։ Միևնույն ժամանակ, հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին և միայն պետական ու ՏԻՄ մարմինների նախաձեռնությամբ»։ 

Ըստ Ավինյանի՝ այլ միջոցառումների ժամանակ հրավառությունները Երևանի քաղաքապետը կարող է առանձին դեպքերում թույլ տալ նաև նշված հրապարակներից դուրս. «Քաղաքապետի այս լիազորությունը նույնպես անսահմանափակ լինել չի կարող։ Նա չի կարող թույլ տալ իրականացնել հրավառություն, օրինակ, փակ տարածքներում, հրավտանգ աղբյուրների մոտ և մի շարք այլ դեպքերում»։

Ավինյանը նաև տեղեկացրեց, որ ԱԺ-ում այս թեմայով համապատասխան օրինագիծ է դրվել շրջանառության մեջ։

  • Կիսվել: