երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է

Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է

Երևանի շտապօգնության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է: 50 նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած մեքենաները կփոխարինեն նախկին շարժակազմերին ու արդեն այսօրվանից կսպասարկեն քաղաքացիներին: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Յակով Ասատրյանը «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի ուղեկցությամբ շրջել և բուժաշխատողների հետ ծանոթացել են շարժակազմերի հնարավորություններին:

«Բացի այն, որ ստացել ենք նոր մեքենաներ, նաև սարք-սարքավորումների ցանկը համալրվեց, այսինքն՝ այսուհետ մեր բուժաշխատողները լրացուցիչ գործիքակազմ ունեն՝ աշխատանքն ավելի որակյալ և արագ կազմակերպելու ու դրանով իսկ կանչի միջին տևողությունը կրճատելու»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: 

«Ընդհանուր առմամբ ձևավորվում է 50 բրիգադ: Հնամաշ մեքենաները փոխարինվում են նորերով, ինչն ավելի է մեծացնում դրանց արագությունն ու հասանելիությունը»,- նշել է Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: 
50 շարժակազմից 38-ը Ճապոնիայի կառավարության նվերն են Հայաստանին: Մյուս 12 մեքենան տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

«Շտապօգնության» ծառայությունն ամեն օր սպասարկում է ավելի քան 750 կանչ, տոն օրերին՝ մինչև անգամ 1200: Շարժակազմի թարմացումն ու վերազինումը շտապօգնության ծառայությունում միակ բարեփոխումը չէ: 

«Նաև ընթացքում են ենթակայանների վերանորոգումն ու վերազինումը: Այս տարի կվերանորոգվի գլխամասը: Ամփոփելով նաև նախորդ տարին՝ ասեմ, որ բոլոր ենթակայաններում հոսանքի անկախ գեներատորներ են տեղադրվել, ինչի շնորհիվ արտակարգ դեպքերում ծառայությունն ամբողջությամբ կկարողանա իր գործն անել»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: 

«2023 թ. բյուջեով հաստատվել է Երևանի շտապբուժօգնության ծառայության կրտսեր և միջին բուժանձնակազմի աշխատավարձի 20 տոկոսով բարձրացումը: Հետագայում ևս նախատեսված է ավագ բուժաշխատողների աշխատավարձի ավելացում»,- հավելել է առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը:

Բնակչության առողջության պահպանումն ու առողջապահության ոլորտի բարեփոխումները քաղաքային իշխանության համար առաջնային կարևորության են: Առաջիկայում նախատեսված են մի շարք այլ ծրագրեր, որոնք էապես կբարելավեն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

  • Կիսվել: