Երևանի ՍԲ Աստվածամայր բժշկական կենտրոնում մանկական ուղեղային կաթվածի վիրահատություններ կարվեն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մայրաքաղաքի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մանկական ուղեղային կաթվածի վիրահատություններ կիրականացվեն։
«Հպարտության առիթ է, որ Երևանին պատկանող Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում՝ տարածաշրջանում առաջինը մեզ մոտ հնարավորություն ենք ունենալու մանկական ուղեղային կաթվածի վիրահատություններ իրականացնել», – ասել է նա։
Ըստ քաղաքապետի՝ Երևանին պատկանող բժշկական կենտրոնները նրա համար են, որ կարողանան բալանսավորել շուկան. «Որտեղ կա մեծ փող, այնտեղ մասնավորները կգնան, ծառայությունները կմատուցեն։ Մեր բժշկական կենտրոնների հիմնական նպատակն այն է, որ իրենք փակեն առողջապահության այն հատվածները, որտեղ մեծ հետաքրքրություն չկա, որտեղ կա բարդություն, որը մասնավորին այնքան էլ հետաքրքիր չէ»։
Նրա խոսքով՝ պետք է Երևանի բուժկենտրոնները ձգտեն կատարել այնպիսի վիրահատություններ, որոնք մասնավորներին հետաքրքիր չեն, բայց դրանց կարիքը կա։


