չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Երևանի քաղաքապետարանը և «Yandex Armenia»-ն կհամագործակցեն՝ Երևանի քաղաքային միջավայրի բարելավման նպատակով

Երևանի քաղաքապետարանը և «Yandex Armenia»-ն կհամագործակցեն՝ Երևանի քաղաքային միջավայրի բարելավման նպատակով

Երևանի քաղաքապետարանի և «Yandex Armenia»-ի միջև ստորագրվել է մտադրությունների և համագործակցության վերաբերյալ հուշագիր: «Տվյալների փոխանակում՝ քաղաքային միջավայրի բարելավման համար» նախագիծը միտված  է Երևանում տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացմանը։ Հուշագրի շրջանակում իր տեխնիկական և իրավական հնարավորությունների շրջանակում «Yandex Armenia»-ն քաղաքապետարանին կտրամադրի վերլուծական տվյալներ, որոնք կարող են նպաստել տրանսպորտային համակարգի կենտրոնացված կառավարման ներդրմանը։  

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման համար, որոնք ուղղված են քաղաքի բնակիչների կյանքի որակի բարձրացմանը: 

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ վերլուծական տվյալները հնարավորություն կտան արդիականացնել տրանսպորտային համակարգը՝ կենտրոնացված կառավարման ժամանակակից մոտեցումների շնորհիվ: 

Հուշագրի շրջանակում «Yandex Armenia»-ն պատրաստ է Երևանի քաղաքապետարանին տրամադրել քաղաքային շարժունակության և նավիգացիայի, փողոցների և կանգառների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի երթուղիների վերաբերյալ վերլուծական տվյալներ, որոնք չեն պարունակում անձնական տեղեկատվություն։ Դրանք կօգնեն բարելավել երթևեկությունը՝ ներդնելով խելացի լուծումներ, որոնք կբարձրացնեն հասարակական տրանսպորտի հարմարավետությունն ու կանխատեսելիությունը քաղաքացիների համար։

  • Կիսվել: