Երևանի քաղաքապետարանը վթարային երկու շենքի բնակիչների վերաբնակեցման հարցով դիմել է կառավարությանը
Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի չորրորդ կարգի վթարային երկու շենքի բնակիչների վերաբնակեցման համար քաղաքապետարանի համապատասխան բաժինը դիմել է կառավարություն՝ պետական բյուջեից համապատասխան գումար հատկացնելու նպատակով:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը՝ նշելով, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի չորրորդ կարգի վթարային երկու շենքում բնակվում է շուրջ 180 ընտանիք:
«Նշված ընտանիքների վերաբնակեցման նպատակով համապատասխան բնակելի ֆոնդ և ֆինասական միջոցներ քանի որ համայնքը չունի, մենք դիմել ենք կառավարության աջակցությանը՝ պետական բյուջեով համապատասխան գումար նախատեսելու նպատակով:
Նախնական հաշվարկ ենք իրականացրել, որի արդյունքում բնակարանի գնման վկայագիր տրամադրելու միջոցով կպահանջվի շուրջ 3,2 միլիարդ դրամ: Այժմ կառավարության հետ բանակցությունների մեջ ենք, համապատասխան գրությունն արդեն ուղարկել ենք»,-նշեց Խաչատրյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ պետք է հարցին արագ լուծում տրվի, քանի որ նշված շենքերն իրականում անմխիթար վիճակում են գտնվում: