կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանի փողոցներից մեկն անվանակոչվեց Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ կյանքեր փրկած դանիացի միսիոների անունով

Երևանի փողոցներից մեկն անվանակոչվեց Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ կյանքեր փրկած դանիացի միսիոների անունով

Երևանում կայացավ դանիացի միսիոներ, մեծ մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ, 1000-ավոր հայ որբերին երկրորդ կյանք պարգևած Մարիա Յակոբսենի անունով անվանակոչված փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ 

Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիրի 51-րդ փողոցն անվանակոչվել է Մարիա Յակոբսենի անվամբ։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ շռայլություն է ունենալ անանուն փողոցներ, երբ հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունի նվիրյալներ և բարեկամներ, որոնցից մեկն էլ  Մարիա Յակոբսենն է: 

«Մենք կարևորում ենք անձանց, ովքեր ամենածանր պահերին եղել են հայ ժողովրդի կողքին: Մարիա Յակոբսենը այն անձանցից է, ով Ցեղասպանության տարիներին փրկել և կրթել է հազարավոր հայ մանուկների,  և սա, կարծում եմ, այն փոքր հիշատակի հնարավորությունն է, որ քաղաքը կարող է և պարտավոր է տալ այդ մարդուն: Մենք պետք է հիշենք և մեր պատմության էջերում գրանցենք նման մարդկանց, որպեսզի մեր զավակներն ու թոռները նրանց ևս իմանան»,- նշեց Ավինյանը։

Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը նշեց, որ սա առաջին միջոցառումն է, որին մասնակցում է՝ որպես Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան: 

«Երեկ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ևս նշել եմ, որ մեր հարաբերությունները կառուցելու ենք պատմական կապերի, բարեկամության հիմքերի վրա: Մարիա Յակոբսենը այդ բարեկամության խորհրդանիշն է: Հազարավոր հայ մանուկներին Ցեղասպանությունից փրկած միսիոներին կոչում էին Մամա Յակոբսեն»,- ասաց դեսպանը: 

Միջոցառմանը ներկա էին նաև Մարիա Յակոբսենի ժառանգները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, «Մարիա Յակոբսեն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, մտավորականներ և այլ պաշտոնական անձինք: 

  • Կիսվել: