Երևանի նոր կրկեսը կբացվի անկախության տոնին ընդառաջ կամ մի քանի օր հետո. Նարեկ Կարապետյան
«Տաշիր Արենա» կրկեսի բացումը տեղի կունենա ՀՀ Անկախության տոնին ընդառաջ կամ դրանից մի քանի օր հետո։ Այս մասին այսօր դատարանի բակում, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության դատական նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր Կապիտալի» գլխավոր տնօրեն, ՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ իրենք կրկեսի բացումը նախատեսել էին մինչև պետության կողմից այն պետականացնելու գործընթացը սկսելը։
Կարապետյանի խոսքով՝ իրենք կրկեսի վրա վեց անգամ ավելի շատ ներդրում են կատարել. 500 հազարի փոխարեն ներդրվել է 30 միլիոն։ Նա պարզաբանեց, թե ինչու կրկեսը չի բացվել նախնական ասված ժամկետում։
«Յուրաքանչյուր նախագիծ, որն իրականացնում ես, պետք է այնպես իրականացնես, որ ինքն իր ծախսերը փակի։ Մեր ունեցած այսօրվա մոդելին հավատում ենք։ Մենք վարձել ենք «Cirque du Soleil»-ի մասնագիտական խմբին, որը գրել է առաջին ներկայացման ամբողջ սցենարը։ Ինձ թվում է՝ այն նաև զբոսաշրջային հետաքրքրություն կառաջացնի»,– նշեց Նարեկ Կարապետյանը։


