շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պահանջում են վերականգնել մեր ֆինանսավորումը. Ավագանու անդամը խաթարել է մեր աշխատանքը. Հեծանվահրապարակի անձնակազմ

Պահանջում են վերականգնել մեր ֆինանսավորումը. Ավագանու անդամը խաթարել է մեր աշխատանքը. Հեծանվահրապարակի անձնակազմ

«Հայաստան» հասարակական մարզական կազմակերպություն, Երևանի հեծանվահրապարակի անձնակազմը այսօր՝ նոյեմբերի 22-ին բողոքի ակցիա է կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են վերականգնել իրենց ֆինանսավորումը:

«Հայաստան» ՀՄԿ-ի նախագահ Աբգար Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունն ունի թվով 11 սպորտդպրոց, որոնք գործում են կազմակերպության սեփական մարզաբազաների վրա, նույնը եղել է նաեւ հեծանվահրապարակը. «Քանի որ հեծանվասպորտը շատ թանկ սպորտաձեւ է, ամեն մարզում գումար արժի, իսկ մեր հեծանվահրապարակը մաշված է, մենք գնացել ենք ներդրումային ծրագրի:  Մենք մեր սեփական հեծանվահրապարակը, որը գտնվում էր Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա, նվիրաբերել ենք Երեւան համայնքին, վերջինս այն տվել է իտալական «Ռենկո» ընկերությանը՝ պայմանով, որ կառուցվի նոր հեծանվահրապարակ, որը կլինի ֆինանսական աղբյուր, եւ մենք էլ կարողանանք մեր սպորտաձեւը պահել: «Ռենկոն» կառուցել է նոր հեծանվահրապարակ, նաեւ նոր ստորգետնյա ավտոկայանատեղի Ազատության հրապարակում:

Սակայն, Արման Անտոնյանը, ով աշխատել է Հայաստանի հեծանվային ֆեդերացիայի փոխնախագահ, 2014-ից իր հետ խմորումներ են եղել, մենք չենք ուզեցել իր հետ աշխատել, ցանկացել ենք, որ թողնի գնա:

Նա հեռացել է, հետո դարձել է Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ եւ այդ օրվանից սկսել է աշխատել մեր դեմ:

Այսօր ունենք մի վիճակ, երբ «Ռենկոն» ստացել է իր ցանկացած տարածքը, Երեւան համայնքն օգտվում է այդ ավտոկայանատեղիից ու մեզ չի ֆինանսավորում:  Պատճառը երեւանի ավագանու անդամ դարձած Անտոնյանն է, որն օգտագործում է իր լծակները, ամեն կերպ խաթարում է մեր սպորտաձեւին: Դա եղել է այդ մարդու նեղ անձնական նպատակը՝ տիրանալ հեծանվահրապարակին, այնտեղ ծավալի բիզնես գործունեություն: Խոսքը 72 մլն դրամի մասին է, նախկինում եղել է 50 մլն դրամ: Մեզ պետք է 72 մլն դրամ»,-ասաց նա:

Աբգար Պետրոսյանի խոսքով, իրենք պահանջում ենք, որ քաղաքապետը, նաեւ ավագանու մյուս երեք խմբակցության անդամները գան, տեղում ծանոթանան խնդրին եւ տա արդարացի լուծում. «Մենք թույլ չենք տա, որ մեր ներդրումները կորչի, տարածաշրջանում լավագույն հեծանվահրապարակը նեղ մասնագիտական կառույց լինելով, չքանդվի»:

Նշենք, որ նոր հեծանվահրապարակը գտնվում է Ծովակալ Իսակովի 27/8 հասցեում: Այդտեղ կառուցվել է նաեւ գեղասահքի մարզադպրոցը: Աշխատակազմը 30 հոգի է, հեծանվահրապարակից օգտվում է նաեւ «Նաիրի» հեծանվային ակումբը, ընդհանուր առմամբ հազար մարզիկ:

Լրագրողների հետ զրույցից հետո Աբգար Պետրոսյանին հրավիրեցին քաղաքապետարան, որտեղց նրան կընդունի եւ կլսի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

  • Կիսվել: