շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի Դեմիրճյան փողոցում հսկայական ծառը տապալվել և փակել է ճանապարհը. վնասվել են ВАЗ 2106-ն ու գազախողովակները

Երևանի Դեմիրճյան փողոցում հսկայական ծառը տապալվել և փակել է ճանապարհը. վնասվել են ВАЗ 2106-ն ու գազախողովակները

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Դեմիրճյան փողոցում՝ թիվ 11 տան դիմաց, հսկայական ծառը արմատից պոկվել և տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սպիտակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Զորի Նաջարյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Հսկայական ծառն ընկել է ավտոմեքենայի վրա: Վնասվել են նաև նշված հատվածով անցնող գազատար խողովակները:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ: Երթևեկությունը ժամանակավորապես պարեկների կողմից դադարեցվել է, քանի որ հսկայական ծառը փակել է ճանապարհը:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Վարազդատ Ղազարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են աշխատանքները՝ վթարը վերականգնելու ուղղությամբ: Այս պահին նրանք ժամանակավորապես դադարեցրել են գազի արտահոսքը: 

  • Կիսվել: