Երևանի Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմին
Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, ժամը 15:40-ին Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժնի և հայտնում են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ հայտնաբերվել են կնոջ դի։
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մահմուդյանի և ավագ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև դատական բժիշկը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։