ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անցկացրել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անցկացրել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ

Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակներում Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվել են դասախոսություններ, սեմինար-պարապմունքներ, ինչպես նաև հատուկ տակտիկական ուսումնավարժանք:

 

Մասնավորապես՝ «Երևանի Հ. Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոց», «Երևանի Ս․ Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոց», «Երևանի Դ․ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց», «Երևանի Ն․ Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոց», «Երևանի Ս․ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 174 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց», «Երևանի թիվ 186 հիմնական դպրոց», «Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում, ինչպես նաև «Երևանի թիվ 8 մսուր-մանկապարտեզ», «Երևանի թիվ 62 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի թիվ 121 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-երում կազմակերպվել և անց են կացվել «Քաղպաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» և «Անձնակազմի ու աշակերտների գործողությունները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմաներով դասախոսություններ և սեմինար-պարապմունքներ: Համանուն թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել «Ուսում» հանրակրթական դպրոցում՝ ուղղված մասնակիցների պատրաստվածությանն և գործնական հմտությունների զարգացմանը։

 

Դասախոսությունների նպատակն էր նպաստել ճգնաժամային իրավիճակներում համակարգված գործողությունների իրականացմանը և խուճապի կանխմանը՝ միևնույն ժամանակ բարելավելով պաշտպանունակությունը և անվտանգության մակարդակը, ինչպես նաև քաղաքացիների շրջանում պաշտպանական մտածողության ձևավորմանը:

Վերջիններս մեծ նշանակություն ունեն անվտանգության բարձրացման և հանրային իրազեկվածության ապահովման գործում: «Օդային տագնապ» ազդանշանի կամ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ճիշտ գործողությունները կարող են փրկել կյանքեր և նվազեցնել վնասները:

Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումները, հատկապես կրթական հաստատություններում, կարևոր քայլ են հանդիսանում բնակչության անվտանգության մակարդակի բարձրացման և ճգնաժամային իրավիճակներում համապատասխան գործողությունների համակարգված իրականացման համար:

Մասնակիցներին տրամադրվել են թեմատիկ բուկլետներ՝ արտակարգ իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ՝ նպատակ ունենալով աշակերտներին և անձնակազմին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այդպիսով բարձրացնելով հանրության իրազեկվածությունն ու պատրաստվածության մակարդակը։

Միջոցառումների շրջանակներում փրկարարական ծառայողների կողմից քաղաքի մարդաշատ վայրերում ևս բաժանվել են իրազեկմանն ուղղված բուկլետներ:

 
 

  • Կիսվել: