Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․ կա 5 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 35-ամյա Բարսեղ Գ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 58-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 43-ամյա Էդուարդ Գ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։


