հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Երեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Երեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Վարման կարգով խոսք խնդրեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ նկատելով, որ Կառավարության ներկայացուցչի կողմից որևէ իրավական հիմք չներկայացվեց, թե ինչու է Կառավարության ծրագիրը քննարկվել նախքան նույն այս օրենսդրական նախաձեռնության քննարկումը. «Թե՛ Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին ԱԺ որոշումը, թե՛ հաջորդիվ որոշ այլ հանգամանքներ իրավական գործողությունների առարկա դառնալու են»:

Արթուր Խաչատրյանը հայտարարեց՝ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ փոփոխությունները մարկետինգային նշանակություն ունեն, խորքային փոփոխություն չեն ենթադրում, նաև առաջարկեց նոր նախարարություններ ստեղծել. «Պետք է ստեղծվի առանձին Գյուղատնտեսության նախարարություն և Սփյուռքի նախարարություն»:

Քվեարկության արդյունքում ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին նախագծին: Նախագիծը ստացավ 63 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայներ:

Այս նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է կազմակերպել 24-ժամյա ռեժիմով, ուստի ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ 3 ժամ հատկացվում է առաջարկությունների համար, բայց 17:15-ի սահմանում կսկսվի նախագծի երկրորդ ընթերցումը:

Հիշեցնենք, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում: Առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այն դարձնելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:

  • Կիսվել: