շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Երեխայիս փակ, փաթաթած են բերել. Զոդի կամրջի վթարից տուժածների հարազատները՝ դատարանում

Երեխայիս փակ, փաթաթած են բերել. Զոդի կամրջի վթարից տուժածների հարազատները՝ դատարանում

Անցած տարվա հուլիսի 6-ին, Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած առաջին դատական նիստի երկրորդ հետաձգումից հետո գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանն ասաց, որ դատական նիստի հետաձգման պատճառը գերզբաղվածության պատճառով դատարան չներկայանալն էր։

Ավտովթարի հետևանքով զոհված 1999թ. ծնված Աստղիկ Ավետիսյանի մայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պահանջում է արդար դատաքննություն:

Նա, մասնավորապես, նշեց. «Մարդիկ տարիների ընթացքում են ծերանում, ես՝ ամիսների, որովհետեւ 19 տարեկան երեխայիս հողն եմ դրել։ Մեկը հիվանդ է լինում… գոնե շորով է լինում, ծնողը տեսնում է, իմ երեխան փակ ու անշոր, կլինկորի մեջ փաթաթած են բերել։ Իմ տղան 2 տարի հետո գնա պաշտպանի ո՞ւմ, շատ գեղեցիկ հագնված, չալիկով նստածին։ Բոլորն էլ պաշտպանության կարիք ունեն, բայց նայած մարդու են պաշտպանում։ Եթե չեն կարող դատել, թող տան մեր դատին»։

Տուժողի իրավահաջորդն ասաց, որ եթե երրորդ անգամ էլ հետաձգվի դատական նիստը, ինքը այլ միջոցների կդիմի. «Ցուցմունք է տվել, թե ոչինչ չի հիշում։ Երրորդ նիստի հետաձգման դեպքում էլ  չեմ ներելու, արյունը արյունով կմաքրվի։ Սա Սեդա Սաֆարյանի հերթական խաղն է։ Իր ցավակցությունը կապիկություն ու ձեռառնելիք է։ Եթե տղամարդ լիներ, պիտի վերացներ ինքն իրեն։  Ամենակոշտ քայլերի եմ դիմելու։ 7 հոգու վառի, 7 ամիս է չեն դատում։ Եթե այսպես պիտի շարունակվի՝ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էր այդպես։ Առանց ամաչելու էլ միջնորդում է, որ դատը այնպես կազմակերպեն, որ համընկնի իր գրաֆիկի հետ»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15-ի սահմանում, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս»  եւ «ՎԱԶ 21063»  ավտոմեքենաներում:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։

2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Սողոմոն Հակոբյանն իր վարած «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայով ընթանալով Երեւան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երեւան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում. ավտոմոբիլը դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմաս եւ իրականացնելով ձախակողմյան երթեւեկություն, իր վարած ավտոմեքենան բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող Վաչագան Ասլանյանի վարած «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենային, որի արդյունքում տեղի է ունեցել պատահարը, դրանից անմիջապես հետո «Գազելի» հետնամասին է բախվել Կարեն Նուրիջանյանի վարած «Վազ-21063» ավտոմեքենան առաջամասով եւ նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետեւանքով «Գազելի» շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել «Գազելում», որը տարածվել է մյուս երկու ավտոմեքենաներում եւ վթարի ու դրա հետեւանքով գազի համակարգից արտահոսած գազից առաջացած հրդեհի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է «Գազելի» վարորդ 1962թ. ծնված Վաչագան Ասլանյանի եւ վերջինիս ուղեւորներ 1965թ. ծնված Անահիտ Բաբայանի, 2003թ. ծնված Արմանի Բադալյանի, 1996թ. ծնված ժենիկ Սմբատյանի, 1999թ. ծնված Աստղիկ Ավետիսյանի, 1964թ. ծնված Սոֆյա Ոսկանյանի, 1999թ. ծնված Ծաղիկ Համբարձումյանի մահը, իսկ 1984թ. ծնված Ռուզաննա Հակոբյանի եւ 1991թ. ծնված Գագիկ Ղուկասյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, 2006թ. ծնված Արսեն Միքայելյանի եւ 2011թ. ծնված Նարե Գրիգորյանի առողջությանը պատճառվել միջին ծանրության վնաս:

  • Կիսվել: