կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեխաները պետության ապագան են. Անչափահասների արդարադատության խորհրդի նիստն ամփոփել է անցնող տարին

Երեխաները պետության ապագան են. Անչափահասների արդարադատության խորհրդի նիստն ամփոփել է անցնող տարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին:

Արսեն Բաղդասարյանը կարևորել է խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով, որ անչափահասների կրթության, դաստիարակության և վարքին վերաբերող խնդիրների բացահայտմանը միտված բոլոր միջոցառումներն այսօր համարվում են առաջնահերթ:

«Նշեմ, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում վերանայվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հասկացությունը, ինչպես նաև հատուկ դպրոցը փոխվել է հատուկ դպրոց ռեսուրս կենտրոն հասկացության, որը, բացի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող կրթական ծրագրերից, իրականացնելու է մանկավարժների մանկավարժահոգեբանական ուղղությամբ և այլ անհրաժեշտ վերապատրաստումներ ու աջակցություն: Իրավական հիմքերը ստեղծվել են, որպեսզի հատուկ դպրոցներն արդեն բովանդակային մասով վերակազմավորվեն, կանոնադրական փոփոխություններ իրականացնեն և որպես ռեսուրս կենտրոններ՝ սկսեն իրենց գործունեությունը»,- նշել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանը, կարևորելով նիստի օրակարգում ընդգրկված հարցերն ու քննարկումների անհրաժեշտությունը, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ակնկալվում է անցկացնել մասնագիտական քննարկումներ՝ ուղենշելով նոր առաջարկներ: Արփինե Սարգսյանն իր ելույթում հատուկ ընդգծել է ոստիկանության աշխատակիցների հետ համագործակցության առավել կարևոր կետերը, այդ թվում՝ իրավապահ մարմինների՝ հանրակրթական դպրոցներ տարբեր ձևաչափերով այցելությունները:

ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանն իր հերթին ներկայացրել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացման և դրանից բխող Կառավարության որոշման նախագիծն ու դրա շրջանակում իրականացված միջոցառումները:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում (Վարդաշենի) իրականացվող աշխատանքներին, ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերից բխող անչափահասներին վերաբերող իրավակարգավորումներում առկա խնդիրներին, ինչպես նաև ոլորտի մասնագետների՝ Էստոնիայի Հանրապետություն ուսուցողական այցի արդյունքներին:

Միջոցառման ավարտին Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանն ամփոփել է խորհրդի 2022 թ. աշխատանքները՝ մատնանշելով եկող տարվա անելիքները:

  • Կիսվել: