չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի նպատակն է ստեղծել կայուն համակարգ երեխաների շրջանում ասթմայի վաղ հայտնաբերման և կառավարման համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Նախաձեռնության հիմքում խնդրի առաջնահերթությունն է: Այն կյանքի կկոչվի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:
 
«Երեխաների շրջանում ասթմայի աճող տարածվածությունը, ուշացած ախտորոշումները և բուժումը հասցեական դարձնելու կարևորությունը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է ծրագրի մեկնարկը»,- եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո նշել է Անահիտ Ավանեսյանը:
 
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է ասթմայի վարման ապակենտրոնացված համակարգի ներդրում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի 6 մարզում՝ Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց ձոր։
 
Կստեղծվեն ժամանակակից սարքավորումներով հագեցած մասնագիտացված կենտրոններ, որտեղ կաշխատեն վերապատրաստված մասնագետներ:
 
Հետագա աշխատանքները կազմակերպելու համար անելիքները հստակեցնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

  • Կիսվել: