Երբ կմեկնարկեն Լոռիում կապիտալ վերականգնման աշխատանքները, քանի որ Դեբեդի վարարման շրջանը սկսվել է․ մանրամասներ
Տավուշի եւ Լոռու մարզերում վարարումներից տուժած աղետի գոտում ահռելի գործ է արվել, մասնավորապես, բնակֆոնդի փոխհատուցումների մասով: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«200 շահառուի 440 մլն դրամ է հատկացվել, կենցաղային առաջնային գույքի մասով 170 շահառուի 160 մլն դրամ է հատկացվել, տևրանսպորտային միջոցների մասով 190 շահառուի 134 մլն դրամի փոխհատուցում ունենք: Գյուղատնտեսության մասով 159 մլն դրամ եւ տնտեսվարողներին 180 մլն դրամ արդեն փոխհատուցել ենք:
Բայց ենթակառուցվածքների մասով դեռեւս ժամանակավոր լուծումներ ունենք: Մասնավորապես ԱԼավերդիում ներբնակավայրային մասում՝ Թումանյան փողոց, Սանահին թաղամաս, Քարկոփ բնակավայր: Ես տեղյակ եմ, որ այդտեղ կապիտալ վերականգնման մասով մրցույթներն արդեն կայացած են, հաղթող կազմակերպություն կա»,-ասաց նա:
Պատգամավորը հետաքրքրվեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանից, թե երբ կմեկնարկեն այդ աշխատանքները, քանի որ Դեբեդի վարարումների շրջանն արդեն սկսվել է, Ալավերդիում անդադար անձրեւներ են:
Ի պատասխան Տիգրան Խաչատրյանն ասաց. «Մենք ՏԿԵ նախարարության հետ միասին նախնական աշխատանքներ ենք տանում գույքագրելու համար այն տեղամասերը, որոնք գետի վարարման դեպքում կարող են վթարավտանգ լինել:
Այդ նախագծերը հիմնականում վերջնականացված են, բերված են այնպիսի տեսքի, որը թույլ է տալիս կառավարության ռաջիկա նիստերից մեկում կարգավորել նաեւ ֆինանսավորման հարցը: Հուսով եմ, որ առաջիկա երկու շաբաթների ընթացում կտանք համապատասխան լուծում նաեւ այդ մասով: Այսինքն հարցը մեր ուշադրության կենտրոնում է և կկարգավորենք»,-ասաց նա:
Արեն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց արված աշխատանքի համար եւ նշեց. «Հարակից վտակների հուներում 35-40 միավոր տեխնիկա օրեր շարունակ գետաբերուկները մաքրել է, ահռելի աշխատանք է արվել, որը թույլ է տվել Դեբեդի մակարդակն որոշակի իջեցնել»: