չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Եռաբլուրից» բերման է ենթարկվել մոտ 30 ծնող, նրանցից երկու կին մարմնական վնասվածք ունեն. փաստաբան

«Եռաբլուրից» բերման է ենթարկվել մոտ 30 ծնող, նրանցից երկու կին մարմնական վնասվածք ունեն. փաստաբան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից այսօր՝ սեպտեմբերի 21-ի առավոտյան զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ բերման են ենթարկվել: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Բերման ենթարկված ծնողներից երկուսն ունեն վնասվածքներ, մեկը ձեռքերն է վնասված, մյուսի մատն է վնասված: Առաջին հայացքից կարծես մատը կոտրված է: Երկուսն էլ կին են: Հիմա ոստիկանության բաժնում են, դուրս կգան եւ կդիմեն բուժօգնության: Շտապօգնություն կանչել են, բայց դա բավարար չէ, վնասվածքն ավելի լուրջ է: Վնասվածքները ստացել են բերման ենթարկվելու ժամանակ»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ տրբեր բաժիններ են տարվել, գրեթե բոլոր բաժիններ:

«Առաջինը բերման են ենթարկել ժամը 6.58-ին, դեռեւս երեք ժամը չի լրացել: Բոլորի վերաբերյալ արձանագրությունները կազմվել են վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի, որը մենք հետագայում կբողոքրկենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:  Կարմիր ու սեւ բերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Ոստիկանները խոչընդոտեցին նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:

  • Կիսվել: