հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵՊՀ-ում ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության հեռանկարը

ԵՊՀ-ում ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության հեռանկարը

ԵՊՀ-ում այսօր հյուրընկալել ենք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին, նրա հետ քննարկել երկու կառույցների միջև համագործակցության հեռանկարն ու շրջանակը։ Այդ մասին ասված է Պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Քննարկման ժամանակ Ռ․ Գրոսիին ներկայացրինք ԵՊՀ գործունեության հիմնական ուղղությունները, միջազգայնացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև ԵՊՀ-ում միջուկային էներգիայի ուղղությամբ տարվող կրթական ու հետազոտական գործընթացները, այդ թվում՝ մագիստրոսական նոր ծրագրի ներդրման աշխատանքները՝ փաստելով, որ էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման, ինչպես նաև մասնագետների կարողությունները զարգացնելու հիմնահարցերը մեր կառավարության ռազմավարական առաջնահերթությունների թվում են:
 
Մասնավորապես նշվեց, որ ներկայումս իրականացվում են «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում» մագիստրոսական դասընթացի համար ՀՀ ԿԳՄՍՆ-ում լիցենզավորման համար անհրաժեշտ փաթեթի մշակման աշխատանքները: Մասնավորապես, մշակվում են ԱԷՄԳ առաքելության հետ ունեցած հանդիպումների արդյունքում մշակված կրթական ծրագրով նախատեսված դասընթացների պլանները, կրթական նյութերը, լաբորատոր փորձերը:
 
ԱԷՄԳ-ի հետ համագործակցությամբ ԵՊՀ միջուկային ֆիզիկայի լաբորատորիան համալրվելու է ժամանակակից նեյտրոնային և գամմա ճառագայթման չափումների և վերլուծության սարքավորումներով, ռեակտորների ֆիզիկայի վիրտուալ լաբորատորիայով և ԱԷԿ վարժասարքով:
 
ԱԷՄԳ գլխավոր տնօրենը պատրաստակամություն հայտնեց համագործակցել և միջուկային անվտանգության ապահովման ոլորտում տարաբնույթ ծրագրերի իրագործման համար օժանդակել ԵՊՀ-ին։
 
Ի դեպ, պարոն Գրոսին համալսարանականների համար այսօր հանդես է եկել դասախոսությամբ ու պատասխանել նրանց հարցերին»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: