երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
ԵՄ-ը հայտարարել է 300,000 եվրո հրատապ օգնություն սեպտեմբերին ՀՀ-ում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած մարդկանց համար

ԵՄ-ը հայտարարել է 300,000 եվրո հրատապ օգնություն սեպտեմբերին ՀՀ-ում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած մարդկանց համար

Եվրոպական միությունը հայտարարել է մոտ 118 միլիոն դրամի (300,000 եվրո) հրատապ օգնություն սեպտեմբերին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած մարդկանց համար, որ ամենամահաբեր իրադարձություններն էին 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունից:

Գալիք ձմռան ընթացքում այս ֆինանսավորումը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով փախուստի դիմած 7600 անձանց շրջանում առավել խոցելի մարդկանց, ինչպես նաև այդ մարդկանց հյուրընկալող համայնքներին և այն խոցելի անձանց, որոնք մնացել են հակամարտության ազդակիր տարածքներում։

ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն ասել է. «Անցյալ ամսին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով եղել են ավելի շատ տեղահանումներ, ավելի շատ կորուստներ և ավերածություններ։ Եվրոպական միությունը հատկացնում է լրացուցիչ հրատապ ֆինանսական աջակցություն՝ մարտերից ուղղակիորեն տուժած առավել խոցելի անձանց կարիքները հոգալու և ձմռան ցուրտ ամիսների հաղթահարման հարցում նրանց օգնելու նպատակով»։  

Հայաստանում ԵՄ գործընկեր մարդասիրական կազմակերպությունները կտրամադրեն հիգիենայի պարագաներ, կացարանների վերանորոգման փաթեթներ և դրամական աջակցություն՝ օգնելու մարդկանց հոգալ իրենց հիմնական կարիքները, օրինակ՝ սնունդ, ջեռուցման ծախսեր կամ վարձավճար:

Արտակարգ աջակցության տրամադրումը սերտորեն կհամակարգվի Հայաստանի իշխանությունների և արտակարգ իրավիճակների դերակատարների հետ:

Ֆինանսական աջակցությունը հնարավոր է դարձել Emergency Toolbox (Հրատապ գործիքատուփ) գործիքակազմի  շնորհիվ, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման և ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող խոցելի մարդկանց առաջնահերթ ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով և համակարգվում է Եվրոպական հանձնաժողովի (Հրատապ արձագանքման համակարգման կենտրոնի) կողմից։

  • Կիսվել: