ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ելքը միակն է՝ ուժեղանալ ու նվիրվել ուժեղ հայրենիքի կառուցմանը. Քերոբյան

Ելքը միակն է՝ ուժեղանալ ու նվիրվել ուժեղ հայրենիքի կառուցմանը. Քերոբյան

Ելքը միակն է՝ ուժեղանալ ու նվիրվել ուժեղ հայրենիքի կառուցմանը։ Այս մասին իր գրառման մեջ նշել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբայանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Նա, մասնավորապես, նշել է․

"Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր, երեխաներ! Ակներև է, որ Հայաստանը գտնվում է բարդ իրավիճակում, թշնամին չի դադարում ոտնձգությունները մեր սահմանների նկատմամբ՝ փորձելով օգտվել մեր մինչև պատերազմը ուժեղ չլինելուց և պատերազմի ընթացքում արնաքամ լինելուց։ Ելքը միակն է՝ ուժեղանալ ու նվիրվել ուժեղ հայրենիքի կառուցմանը։

Մեզնից յուրաքանչյուրը պետք է կրթվի, հզորանա, և հզորացնի իր հայրենիքը։ Անձնական շահը պետք է ստորադասվի հզոր Հայաստանի շահին, մեր միտքը և գործողություններն ամեն օր պետք է ուղղված լինեն մեր մեջքը շտկելուն, ռեսուրսները կոնսոլիդացնելուն ու ամրապնդելու մեր տնտեսությունը, սահմանները, բանակը, ինստիտուտները։

Պետք է կրթվել անդադար, աշխատել անդադար, շատ երեխաներ ունենալ։ Բիզնեսմենը պետք է վճարի բոլոր հարկերը, որպեզի բանակը կարողանա պաշտպանել այդ բիզնեսը, կառավարությունը, պաշտոնյաները պետք է օրնիբուն աշխատեն բազմապատկել մարդկանց հնարավորությունները՝ ստեղծագործելու ու հայրենիքի ուժեղացմանը ծառայելու գործում, մարդիկ էլ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իրենց տիրույթում անեն առավելագույնը՝ Հայաստանը հզորացնելու համար։ Մենք պետք է նաև ընկերների հետ ամրապնդենք մեր կապերը, որպեսզի կարողանանք դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր հայրենիքի առջև։ Այս հարցում մենք ունենք և կարող ենք ունենալ բազմաթիվ ընկերներ աշխարհի տարբեր կողմերում՝ հարավում, հյուսիսում, արևմուտքում ու արևելքում։ Ես չեմ պատկերացնում իմ երջանկությունն առանց ուժեղ և անկախ Հայաստանի և կարծում եմ, որ հայ ժողովրդի մեծամասնությունը նույն զգացմունքներն ունի։ Ի՛ գործ!"։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր՝ այդ թվում անհետ կորած զինծառայողը, որը հայտնաբերվել է։ Զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Պաշտպանության նախարարությունը  հայտնել է, որ  ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

  • Կիսվել: